Հայրենագիտություն։Ճամփորդություն դեպի Արատես

Նոյեմբերի 11֊ին, ժամը՝ 9:30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից մեր խումբը մեկնեց Արատես ճամբար։

 

Նախատեսված էին կարևոր հայրենագիտական կանգառներ, որոնց մասին ես տեղեկություններ հավաքեցի։ Այդ կանգառներն էին.

  • Տիգրանաշենի ոլորաններ՝ հայացք Մասիսին
  • Արենի
  • Արփայի հովիտ Արենիի և Աղավնաձորի միջև ընկած հատվածում
  • Գետեր՝ Արփա, Եղեգիս, Արատես
  • Եղեգիսի կիրճ
  • Արատեսի վանք
  • Զորաց եկեղեցի
  • Սուրբ Կարապետ եկեղեցի                                                                                                                    Տիգրանաշեն

Գյուղ է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում՝ Երևան֊Գորիս֊Մեղրի միջպետական ավտոճանապարհի անմիջապես աջ կողմում։

Բնակավայրը Հայաստանի համար համարվում է ռազմավարական նշանակության տարածք, քանի որ այն գտնվում է Արարատի մարզը Վայոց ձորի մարզին միացնող կետ։

1995 թվականին ընդունված օրենքով Տիգրանաշենը ընդգրկված էր Պարույր Սևակ բնակավայրի կազմում։

Տիգրանաշենի տարածքում է գտնվում պաշտպանական միջնաբերդը և հնագույն մեծ գերեզմանոցը, որը թվագրվում է մ. թ. ա. 2-րդ հազարամյակին։ Պեղված նախնադարյան դամբարաններում հայտնաբերվել են կավե իրեր։

                       Արենի

Գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում։ Ներառված է Արենի համայնքի կազմում։
Արենին Վայոց ձորի հին և նշանավոր գյուղերից է, ճանապարհային հանգույց և Շարուրի դաշտավայրից Վայոց ձոր մտնող կիրճը փակող ռազմական կետ։ Հնում Արենին գտնվել է այժմյան գյուղից կես կմ հյուսիս՝ բլրի վրա, որտեղ մինչ օրս կանգուն է Մոմիկ ճարտարապետի կողմից 1321 թ. կառուցված սուրբ Աստվածածին եկեղեցին։ Գյուղի տարածքում կան հնավայրեր, մի քանի ավերված գյուղատեղիներ, արձանագրություն ունեցող բազմաթիվ խաչքարեր ու գեղեցիկ քարայրներ՝ Մագիլի և Թռչունների։

 Արատեսի վանական համալիր

Գտնվում է Վայոց Ձորի մարզի Արատես գյուղում, Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին: Կիսավեր հուշարձանախումբը բաղկացած է մի քանի մատուռից, Ս. Սիոն (X դ.), Ս. Աստվածածին (XI դ.) եկեղեցիներից և երկու գավիթներից (XIII դ.): Ենթադրվում է, որ հուշարձանի նախնական շինությունը հիմնադրվել է VII դ., թեև ամենահին գրավոր տեղեկությունը վերաբերում է IX դ.:
Սուրբ Սիոն միանավ թաղածածկ եկեղեցին կառուցվել է X դ.: Ունի երեք ավանդատուն` խորանի երկու կողքերին և հյուսիսային պատին կից:
Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Սուրբ Սիոն եկեղեցու հարավային կողմում: Կառուցվել է XI դարում, զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է:
Առաջին գավիթը կառուցված է Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից: Սա համալիրի ամենաուշագրավ կառույցն է: Կառուցել է Սիրանես ճարտարապետը` 1270 թ.: Երկրորդ գավիթը գտնվում է Սուրբ Սիոն և Սուրբ Աստվածածին եկեղեցիների միջև: Կառուցվել է XIII դ.: Այն քառակուսի հատակագծով, արևելյան զույգ ավանդատներով կառույց է: Արատեսի վանքը ունի հինգ մատուռ:
Վանքը շրջապատված է եղել պարսպով, որը քանդվել է XVII դ.: Հուշարձանի տարածքում կան X – XVII դդ. խաչքարեր և տապանաքարեր:

              Զորաց եկեղեցի

Զորաց եկեղեցին (Սուրբ Ստեփանոս) գտնվում է Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղում: Այն կառուցվել է XIV դարում՝ այն ժամանակ, երբ հայոց իշխանները մարտնչում էին թուրքական ցեղերի դեմ: Եկեղեցու կառուցվածքը եզակի է. Զորացը առանձնանում է նրանով, որ խորանը սովորականից բարձր է կառուցված՝ մոտավորապես ձիու վրա նստած մարդու բարձրության վրա։ Պատճառն այն է, որ այն ծառայել է պատերազմ մեկնող զորքի համար, որպեսզի մարտիկները մեկնելուց առաջ եկեղեցուց օրհնություն ստանային։ Եկեղեցին մեծ արժեք է ներկայացնում, քանի որ Հայաստանում նման կառույցներ այլևս չեն պահպանվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *