Ամանորյա ծիսական խոհանոցի ուսումնասիրություն

Ես համացանցում փնտրեցի ամանորյա ուտեստների մասին տեղեկություններ։ Պարզվեց, որ այդ օրերին հայերս շատ հետաքրքիր ուտեստներ ենք պատրաստել։ Նույնիսկ մայրիկիս խնդրեցի , որ պատրաստենք դրանցից մի քանիսը։

Քանի որ պասի շրջան է եղել(կենդանական ծագումով սնու դ չեն օգտագործել), Ամանորին տանտիկինները մաքրում էին լոբին, սիսեռը, ոսպը, բրինձը, ձավարեղենը ու տարբեր կերակրատեսակներ պատրաստում : Հայերիս համար հատիկեղենը՝ ձավարեղեն, ոսպ, լոբի, սիսեռ, ցորեն և այլն,  խորհրդանշում է կյանքն ու պտղաբերությունը, մահն ու վերածնունդը:

Ըստ Հայաստանի տարածաշրջանների՝ ճաշատեսակները տարբեր էին, բայց շատերը ջանում էին սեղանին դրվող ուտեստների թիվը հասցնել յոթի:  Օրինակ՝ Բալուի(փոքրիկ գավառ է Արևմտյան Հայաստանում) ամանորյա ճաշատեսակներից են եղել.

— Պղլուրը ու դրա երեք անգամի չափ եփված սիսեռը (ասենք՝ մի բաժակ բլղուր, երեք բաժակ սիսեռ) լավ հարել են, ավելացրել համեմունքներ՝ ըստ ճաշակի, եւ գնդիկներ շինել:
— Անուշապուր՝ ծեծված ցորեն, որը մաքրված է թեփերից, ընկույզ, նուշ, չամիչ, մեղր, երբեմն գազպե էլ են դրել, եթե ունեցել են: Ի դեպ, անուշապուրը գրեթե բոլոր շրջաններում է ընդունված եղել և պարտադիր։
Ի դեպ անուշապուրի տեսակներից է շատ տեղերում  Մայրամապուր (Մարիամի ապուր) կոչված ապուրը, որն ուներ տարատեսակներ, դրանցից մեկն, օրինակ, ծեծած կորկոտով, չամիչով, չոր ծիրանով ու սալորով եփված Մայրամապուրն է, որի մեջ եփելուց հետո դոշաբ են ավելացրել: Կարևոր համեմունք է եղել նգածաղիկը(օշինդրը), որը ախորժաբեր էր ։ Կար հին ասացվածք. «Առանց գինու Նոր տարին կգա, առանց նգածաղկի` կուշանա»: Այս ախորժաբեր ծաղիկն աճում էր Արարատ լեռան լանջերին: Մարդիկ հավաքում ու չորացնում էին այն, հետո տարածում ամբողջ Հայաստանով մեկ: Անկախ բնակության վայրից, Ամանորի կերակրատեսակները պատրաստելիս հայ տանտիկինները միշտ օգտագործում էին չորացրած նգածաղիկը: Այս ավանդույթը հայ ժողովրդի միասնականության խորհրդանիշներից մեկն էր: Արցախի, Լոռու հայերի համար հատուկ նշանակություն ունեին լոբին եւ լոբաջրով պատրաստված կերակրատեսակները: «Նոր տարին գալ չի առանց լոբու»,— ասում էին լոռեցիները:
Օրինակ, լոբին եփում էին, ջարդում կամ աղում, խառնում աղացած ընկույզի եւ ծեծած սխտորի հետ, համեմում համեմի եւ սամիթի աղացած սերմով, ավելացնում աղ։ Լավ խառնած զանգվածը դնում էին ափսեի մեջ, տափակեցնում, ձևավորում՝ գծերով, պատկերներով, զարդարում էին նռան հատիկներով կամ ընկույզի կտրտած փշուրներով: Սա շատ նման է մայրիկիս պատրաստած լոբով պաշտետին։
Ես իմացա, որ հայերիս ամանորյա սեղաններին հին ժամանակներում դրվել են հատիկեղեն, մրգեղեն, չրեղեն, ընդեղեն և թխվածքեղեն, ի տարբերություն մեր այսօրվա սեղանների, որտեղ գերակշռում է մսեղենը։
Ամանորի ամենակարևոր ուտեստներից է ՝ Տարեհացը կամ Տարեգաթան։ Այն պատրաստել են բոլոր հայերը։

Մեր տանը պատրաստում ենք այս բաղադրատոմսով.

Մածուն՝ 1լ, կարագ՝ 250 գր, շաքարավազ՝ 1 ճաշի գդալ (քաղցրը կարող եք ավել կամ պակաս անել), սոդա՝ 1 թեյի գդալ, ձու՝ 5 հատ, կանեփ՝ 1 բաժակ, ալյուր՝ այնքան, ինչքան կվերցնի խմորը: Մածունը և կարագը խառնել իրար, հարել, քիչ-քիչ ավելացնել ձուն և շաքարավազը: Ավելացնել սոդա և մի փոքր կանեփ, ապա այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր: Խմորի երեսին քսել կանեփով համեմված ձվի դեղնուց և դնել ջեռոցը:
Տարեհացի  մեջ դրվում է մեծ չափսի կոճակ կամ կոպեկ , որ  կուլ չտանք։
Տարեգաթայի երեսը զարդարում էին ամենատարբեր սիմվոլներով` հիմնականում տիեզերական՝ արև, աստղեր, հավերժության նշանը, անիվ, և գծեր քաշելով՝ բաժանում էին 12 մասի: Տանտիկինները օգտագործել են փայտե հարմարանքներ և ամեն ընտանիք իր գաթանախշն է ունեցել։

Ձյունի սպիտակ ալյուր մաղեմ ,
Բերք-բարիքի տարի լինի:
Անուշ-անուշ խմոր շաղեմ,
Արտս ցորեն — գարի լինի,
Կլոր , կարմիր գաթա թխեմ,
Թող թխածս բարի լինի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *